Սիրելի երիտասարդներ,
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը հայտարարում են «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» դասընթացաշարի մասնակցության մրցույթ, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, ձեռնարկատիրական հմտությունների և անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված, բիզնես գաղափարներ ունեցող 18-30 տարեկան երիտասարդները: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
Դասընթացաշարի նպատակն է՝ ձեռնարկատիրական հմտություններ և զբաղունակության հնարավորություններ ընձեռել ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց ձեռնարկատիրական մտածողությունը և գաղափարները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Դասընթացաշարում տեղ գտած թեմաները ներառում են ձեռնարկատիրական մտքի զարգացում, ֆինանսական և տնտեսական գրագիտություն, մարքեթինգ, բիզնես պլանավորում, ռեսուրսների մոբիլիզացում, թիմի կառավարում, ռիսկերի վերլուծություն, կազմակերպչական հմտությունների, նախաձեռնողականության ու բիզնես ոլորտին անհրաժեշտ այլ անձնային որակների զարգացում և այլն:
Ծրագրի այս բաղադրիչը նախատեսում է նաև մասնակիցների բիզնես գաղափարների իրականացմանն աջակցություն՝ ոչ միայն դասընթացների միջոցով, այլև ֆինանսական աջակցություն փոքր դրամաշնորհների, ինչպես նաև փորձառու ձեռնարկատերերի խորհրդատվության տեսքով:
Դասընթացաշարը բաղկացած է 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 3-օրյա տևողությամբ: Ընտրվելու դեպքում մասնակիցները պարտավորվում են 2 փուլին էլ մասնակցել: Պարապմունքները վարելու են հայախոս հմուտ դասընթացավարներ: Դասընթացաշարն ամբողջությամբ իրականացվելու է հայերեն լեզվով:
Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային և կեցության ծախսերն ու կազմակերպչական այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:
Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Առաջնորդվելով վերոնշյալով՝ հիմնադրամը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար:
Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 10-ից սկսած: Ժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել
sgrigoryan@oxygen.org.am, կամ զանգահարել +37411308808, ներք. 115, Սոնա Գրիգորյանին:
Հարգանքով՝
«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ