«Կանայք բիզնեսում տնտեսական աճի խթանում Սյունիքում»

«Կանայք բիզնեսում տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագիրը մեկնարկել է 2025թ. ապրիլին և իրականացվում է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից։  Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։

Ծրագիրը նպատակ ունի խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական հզորացմանն ու ձեռներեցության զարգացմանը։ Ծրագրի հիմնական գործունեությունը ուղղված է աջակցելու կանանց կողմից ղեկավարվող միկրո (սկսնակ), փոքր և միջին ձեռնարկատիրություններին Սյունիքի մարզում՝ արձագանքելով մարզում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, հատկապես գյուղական և հակամարտություններից տուժած շրջաններում։

Փուլ 1 Շահառուների գործարար հմտությունների զարգացում

Կարողությունների զարգացման դասընթացները կիրականացվեն տարբեր մոդուլներով՝ նախատեսված

  1. սկսնակ (ստարտափ) ձեռներեցների համար
  2. մինչև 3 տարի գործող  ձեռնարկատերերի համար
  • Ստարտափների համար կիրականացվեն բիզնես կարողությունների զարգացման 3-օրյա վերապատրաստման դասընթացներ Սյունիքի մարզի 7 թիրախային համայնքներում՝ դեմ առ դեմ ձևաչափով։
  • Մինչև  3 տարի գործող  ձեռնարկատերերի  համար կիրականացվեն 2-օրյա վերապատրաստման դասընթացներ՝ 3 խմբով՝ Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում, դեմ առ դեմ ձևաչափով։

Փուլ 2 Դրամաշնորհային աջակցություն

Կարողությունների զարգացման փուլն ավարտած  ծրագրի առաջին շրջափուլի մասնակիցների համար կհայտարարվի մրցույթ երկու տիպի դրամաշնորհային աջակցության համար՝

  1. Սկսնակ կին ձեռներեցների համար – 14 փոքր դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 2,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
  2.  Մինչև 3 տարի գործող ձեռնարկատերերի համար – 6 միջին դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը  մինչև 8,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Դրամաշնորհառուներին կտրամադրվի շարունակական խորհրդատվություն և աջակցություն։ Նրանք կստանան նաև տեխնիկական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն՝ համապատասխան իրենց բիզնեսի կարիքներին։

Փուլ 3 Կանանց ձեռներեցության (ԿՁ) ակումբ

Ակումբը կծառայի որպես մոտիվացիոն հարթակ կին ձեռնարկատերերի համար՝

  • փորձի փոխանակման,
  • անձնական և գործարար աճի,
  • փոխադարձ աջակցման և ներշնչման նպատակով։

Ակումբի շրջանակում կանցկացվեն բիզնեսից բիզնեսին (B2B) հանդիպումներ՝ խթանելու նոր ձեռներեցների կապը խոշոր բիզնեսների սեփականատերերի հետ՝ մենթորության և համագործակցության ձևաչափով։